Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Կրծքահեղձուկի (ստենոկարդիա) նոպա և սրտամկանի ինֆարկտ

Կրծքահեղձուկի նոպան սրտամկանի արյունամատակարարման նվազեցման և թթվածնային քաղցի հետևանքով առաջացած ցավն է, որը տեղակայված է կրծոսկրի հետևում և սովորաբար ճառագայթում է դեպի ուսեր, պարանոց, ծնոտ, ձեռքեր և թիկունք (նկ. 6.2)։ Ավելի հաճախ այն տեղակայվում է մարմնի ձախ կեսում։ Տուժածը ցավը նկարագրում է որպես ճզմման, ճնշման կամ ծանրության զգացողություն, որը չի դադարում մարմնի դիրքի փոփոխումից։ Պետք է նշել, որ ավելի հաճախ կրծքահեղձուկի նոպան զարգանում է ֆիզիկական աշխատանք կատարելիս, երբ սրտամկանում թթվածնի պահանջը մեծանում է։ Այդ իսկ պատճառով նոպայի ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։ Կրծքահեղձուկի նոպային բնորոշ նշաններից է նաև շնչառության դժվարացումը։ Տուժածի շնչառությունը կարող է լինել աղմկոտ, հաճախացած, մակերեսային։ Փոփոխվում է նաև նրա անոթազարկը։ Այն կարող է լինել անկանոն, արագացած կամ դանդաղ։ Մաշկը դառնում է գունատ և սառը։ Շրթունքներին ու բերանի շուրջը կարող է նկատվել կապտություն։ Տուժածի դեմքն արտահայտում է վախ, սարսափ։ Կրծքահեղձուկային ցավը սովորաբար անցնում է 10-15 րոպեից կամ նշանակված դեղորայքի ընդունումից հետո։ Եթե կրծքահեղձուկի նոպան չի դադարում նշանակված դեղորայքի ընդունումից, տևում է 15 րոպեից ավել, համատեղվում է այլ նշանների հետ (սրտխառնոց, փսխում, սառը քրտինք, որովայնի ցավեր) և զուգակցվում է գիտակցության խանգարումներով, ապա պետք է ենթադրել, որ զարգանում է սրտամկանի ինֆարկտ։ Այս դեպքում պետք է անհապաղ ահազանգել շտապ օգնություն։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ


Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են՝


  • Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։
  • Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝
  • կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված,
  • սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին,
  • սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։
  • Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։
  • Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։
  • Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, եթե ենթադրում եք, որ տուժածի մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ կամ նրա վիճակը վատթարանում է։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Եթե տեղի է ունեցել սրտի կանգ, ապա պետք է անմիջապես կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (ՍԱՇՎ)։ Դա սրտի և շնչառության կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթների համակարգով։ ՍԱՇՎ կատարելիս պետք է հաշվի առնել տուժածի տարիքը։

 

Տե'ս նաև "ՍՐՏԻ ԿԱՆԳ" կամ "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ